Վերջին օրերին Իրանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության հնարավոր փոփոխության թեման սկսել են քննարկել ԶԼՄ-ները և մեկնաբանել տարբեր փորձագետներ ու վերլուծաբաններ: Հատուկ սրություն այդ քննարկումներին հաղոդեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Մոսկվա և նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում Իրանի ռազմական ներկայության «դադարի» մասին, որ իբր եղել է այցի ընթացքում: Թուրքական Hürriyet-ը թեման քննարկել է «Մի՞թե Պուտինը մտադիր է «ծախել» Իրանին» վերնագրով: Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մարտի 16-ին թռիչք են կատարել սիրիական տարածքում՝ պատրվակելով, որ պետք է խոչընդոտեն զենքի մատակարարումը «Հըզբոլլահի» զինյալներին: Դա պատճառ դարձավ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության ուժերի առաջին, իսկական պատասխան հարվածին: Այս միջադեպը ամենախոշոր ու լուրջ մարտական բախումներից մեկն էր սիրիական կառավարական ուժերի ու Իսրայելի զինված ուժերի միջև քաղաքացիական պատերազմի սկզբից՝ 2011-ից: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները հասցվեցին անցյալ շաբաթ Մոսկվայում Պուտինի ու Նեթանյահուի հանդիպումից մի քանի օր անց: Ասում են, որ հանդիպման իրական պատճառը Իսրայելի անհանգստությունն էր Սիրիայում Իրանի ռազմական ներկայության պատճառով: Իսրայելի պաշտոնական դեմքերը արդեն երկար ժամանակ մտահոգություն են հայտնում Սիրիայի հարավում ձևավորվող հակաիսրայելական ճակատի պատճառով, որի ղեկավարը դեֆակտո Իրանն է: Սիրիայում պատերազմի ամենասկզբից Իսրայելի բուն նպատակը իր սահմանների մոտ Իրանի ազդեցությանը հակազդելն էր: Հենց այդ պատճառով, ինչպես բազմիցս ասվել է, Իսրայելը պարբերաբար գրոհել է տրանսպորտային քարավանները, զինապահեստները և օպերատիվ ռազմական շտաբները Սիրիայի հյուսիսում, որպեսզի կտրի հաղորդակցության գիծը Իրանի ու «Հըզբոլլահի» ջոկատների միջև, խոչընդոտի զենքի ու զինամթերքի մատակարարումը Լիբանանից Գոլանի բարձունքներ սահմանի երկայնքով:
Նեթանյահուի Մոսկվա այցը երկու պատճառ ուներ: Առաջինը Լաթաքիայում մշտական ռազմաբազա ստեղծելու Իրանի մտադրությունն էր (ինչպես ինքն է հաստատում): Երկրորդը՝ նոր զինված խմբավորումների՝ «Գոլանի ազատագրման բրիգադների» ստեղծումը «Հըզբոլլահի» հետ համատեղ, որոնց նպատակը Գոլանի բարձունքները իսրայելական օկուպացիայից ազատելն է: Այս երկու կետերն Իսրայելի համար «կարմիր գիծ» են, որն անցնելուն նա ամեն կերպ հակազդելու է: Նեթանյահուն հանդիպեց Պուտինի հետ՝ քննարկելու առավել նուրբ հարցեր: Որոշ վերլուծաբաններ այցը մեկնաբանում են իբրև մարտավարական ժեստ՝ թելադրված Ռուսաստանին Իրանից «հեռացնելու» Նեթանյահուի մեծ ցանկությամբ: Կարևոր հարցը՝ որքա՞ն են ռուսները պատրաստ և մինչև ո՞ր աստիճանը կարող են օգտագործել իրենց հզորությունները իսրայելցիների համար, որպեսզի նրանք Սիրիայում Իրանի դեմ հասնեն իրենց նպատակներին: Ռուսաստանն ու Իսրայելը Սիրիայում պատերազմի ժամանակ բավականին ջերմ հարաբերություններ ունեին՝ ջանալով հարգել միմյանց ռազմավարական շահերը: Այդ պատճառով երկու կողմերը անմիջապես, հենց Ռուսաստանը սկսեց մասնակցել Սիրիայում մարտական գործողություններին, համաձայնագիր կնքեցին, որի նպատակն էր թույլ տալ ռազմական բախում Սիրիայի օդային տարածքում: Այլ խոսքով՝ Ռուսաստանը նախընտրում էր աչք փակել այն գրոհների վրա, որ Իսրայելը ձեռնարկել ու պատրաստվում է ձեռնարկել «Հըզբոլլահի» դեմ Սիրիայի տարածքում: Սակայն երբ ժամանակը եկավ, որ կանխվի Իրանի ռազմական հաղորդակցության ուժեղացումը Սիրիայում, Կրեմլը, հավանաբար, բախվեց Իսրայելի իրեն պարտադրված սահմանափակումներին, որ ներգործի սիրիական կառավարության ու Սիրիայում իրավիճակի վրա: Եվ այդ ժամանակ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը ստիպված էր ասել. «Ցանկացած որոշում, որ կապված է Սիրիայից Իրանին ենթակա ռազմական կազմավորումների դուրսբերման հետ, կախված է միայն սիրիական կառավարությունից»: Այս շաբաթ Աստանայում միջսիրիական բանակցությունների երրորդ ռաունդի շրջանակներում Իրանը ստորագրում է փաստաթուղթ, որում ասվում է, որ Սիրիայի հարցով Իրանը համաձայնությունների երաշխավոր է դառնում Ռուսաստանի ու Թուրքիայի հետ: Ռուսաստանը թեպետ և խուսանավեց Իսրայելի հետ ուղղակի բախումից, չի ցանկանում և չի կարող այդքան հեշտ զոհաբերել Իրանին Սիրիայում: Պատմության մեջ Ռուսաստանն ու Իրանը բազմիցս մրցակիցներ են դարձել, սակայն հիմա նրանք միություն են ձևավորել, որտեղ միավորիչ գործոն է դարձել ազատական աշխարհակարգին դիմակայությունը, որի գլխավորը ԱՄՆ է: Բացի այդ՝ նրանք ունեն ընդհանուր շահեր՝ Բաշար Ասադի վարչակարգի պահպանումը:
Իրականում Իրանն է խնդրել Ռուսաստանին ռազմական միջամտություն ունենալ սիրիական կոնֆլիկտին: Հետո երկու երկրներն էլ նշանակալից ռազմական ու տնտեսական միջոցներ ներդրեցին, որ Բաշար Ասադի իշխանությունը դիմանա ընդդիմության հետ դիմակայությանը: Վերջապես նրանք հասան այս նպատակներին՝ հենվելով ցամաքում Իրանի աջակցությունն ունեցող ուժերին և Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օգնությանը:
Բացի Մոսկվայի ու Թեհրանի ընդհանուր շահերից Սիրիայում, երկու երկրների միջև սպառազինությունների պայմանագրերը մի կողմից համալրում են Ռուսաստանի գանձարանը, մյուս կողմից նպաստում են Իրանի ռազմական հզորության մեծացմանը: Գոլանի բարձունքների առնչությամբ Իրանի գործողությունների ծրագիրը, անկասկած, նպատակ ունի դրդել Իրանին ռազմական հարված հասցնել: Լիբանանում նոր պատերազմի դեպքում հավանական է, որ Իսրայելի ու արաբական երկրների միջև Սիրիայի հարցում դեֆակտո գոյություն ունեցող կոալիցիան անմիջապես կկորցնի ուժը:
Tabnak, Իրան
Հ.Գ. Ահա ինչու չի ավարտվում պատերազմը Սիրիայում: Գործնականում Սիրիան դարձել է ռազմադաշտ, որ հարևան պետությունները լուծեն իրենց խնդիրները՝ Թուրքիան կռվում է քրդերի դեմ, Իսրայելը՝ Իրանի, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանի, Իրաքը՝ Թուրքիայի ու այդպես՝ շարունակ: Հավելեք, որ Մոսկվա է մեկնում Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ու ինչ կբանակցեն նրանք փակ դռների հետևում, հայտնի է միայն իրենց, բայց որ այդ գիշեր Բենիամին Նեթանյահուն չի քնի՝ մինչև առավոտյան տեղեկություններ ստանա՝ մի քանի աղբյուրներից ու համադրի, փաստ է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ